ՍԻՐՈ ՀՐԱՎԱՌ ԿՐԱԿ
Օ՜, սիրո հրավառ կրակ,
Որ խոցում ես մեղմորեն
Իմ սիրտն իր գաղտնածածուկ խորքերում,
Քանզի խույս չես տալիս արդ,
Այլ տենչում ես անհագորեն,
Շղարշը պատռի´ր բաղձալի հանդիպման:
Օ՜, հաճոյալի խարան,
Օ՜, տառապանք ընծայված,
Օ՜, կարեկից ձեռք, ինչպիսի՜ մեղմ հպում,
Որ ուղին է հավիտենության,
Մարում է պարտքերն ամեն,
Հոգին առնում, մահն է կյանքի վերափոխում:
Օ՜, ճրագներ բոցավառ,
Որոնց փայլուն ցոլքերում
Խորունկ քարանձավները զգացմունքների,
Այնժամ մթին ու խավար,
Արդ սրտեռանդ խայտանքով
Լույս ու հուր են պարգևում սիրեցյալին:
Այնքան հեզ ու անձկալի
Արթնանում ես իմ հոգում,
Որտեղ միայնակ ու թաքուն ես ապրում
Եվ քո շնչով բերկրալի,
Լի բարիքով ու փառքով,
Ի՜նչ նրբորեն ես ինձ սիրով տոգորում:

San Juan de la Cruz
Traducción: Hasmik Baghdasaryan